ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իրան-Ադրբեջան-Ռուսական երկաթուղու կառուցումը դառնում է «Հյուսիս-Հարավ» ռազմավարության կարևոր զարկերակը

Իրան-Ադրբեջան-Ռուսական երկաթուղու կառուցումը դառնում է «Հյուսիս-Հարավ» ռազմավարության կարևոր զարկերակը
18.05.2023 | 22:46

Ռուսաստանի և Իրանի առաջնորդներն այսօր առցանց համաձայնագիր են ստորագրել «Ռեշտ-Աստարա» երկաթուղու կառուցման վերաբերյալ (164 կմ)՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումները զարգացնելու նպատակով։

Ակնկալվում է, որ ծրագրի ավարտից հետո Եվրասիայի հաղորդակցական կապը զգալիորեն կբարելավվի։ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից իրականացվող այս նախագիծը նախատեսում է մինչև 2030 թ. տարանցիկ բեռների ծավալը 2-5 մլն տոննայից հասցնել 30 մլն տոննայի։ Արդյունքում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից երկաթուղով բեռներ կարող են փոխադրվել դեպի Պարսից ծոց՝ շրջանցելով Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստի կանգառը։ Սա կկրճատի Սանկտ Պետերբուրգից Հնդկականի Մումբայ նավահանգիստ ապրանքների առաքումը մոտ 10-11 օրով: Նշեմ, որ ծովային ճանապարհով փոխադրումը տևում է 43-47 օր։

Հարկ է նշել, որ ավանդաբար Հայաստանը դիտարկվում էր որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի պոտենցիալ մասնակից, նախ՝ Իրան-Հայաստան ձախողված երկաթուղային նախագծի, ապա՝ խնդրահարույց Հյուսիս-Հարավ մայրուղու, ավելի ուշ՝ Իրանի կողմից առաջարկված Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Գյումրի-Թբիլիսի-Սև ծով լոգիստիկայի շրջանակներում (վերջինս իրանցիները «Կովկասյան միջանցք» անվանեցին):

Պաշտոնական Նյու Դելին նույնպես հանդես եկավ «Հյուսիս-Հարավ» Հայաստանի ինտեգրման օգտին, սակայն այս ուղղությամբ որևէ քայլ դեռևս չկա։ Բացառությամբ հայկական կողմի՝ Չաբահար նավահանգիստ մուտք գործելու մասին հռետորաբանության, որն ինքնին կարող է հետաքրքիր լինել միայն Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի առկայության դեպքում։ Այն պայմաններում, երբ Գորիս-Կապան ավտոմայրուղին գտնվում է Բաքվի վերահսկողության տակ, իսկ Շինուհայր-Տաթև-Աղվանի-Կապան շրջանցիկ ճանապարհը կիսավեր վիճակում է և ունի ցածր թողունակություն, հայկական կողմի մուտքը Չաբահար չի կարող լուրջ տնտեսական արդյունք ապահովել:

Այսպիսով, Իրան-Ադրբեջան-Ռուսական երկաթուղու կառուցումը դառնում է «Հյուսիս-Հարավ» ռազմավարության կարևոր զարկերակը՝ անդրկասպյան երթուղու հետ մեկտեղ, որով Ռուսաստանն ու Իրանը նույնպես ուղիղ տրանսպորտային կապ են ապահովում:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5440

Մեկնաբանություններ